Ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման։ Այս մասին նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ հղված իր շնորհավորական ուղերձում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:
Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը»,-նշել է նախարարը։
Ըստ Դումանյանի՝ պետության ներկայիս առաջնահերթություններից է՝ ապահովել հասարակության յուրաքանչյուր անդամի՝ կրթություն ստանալու իրավունքը, մանկավարժների համար ստեղծել պատշաճ պայմաններ՝ լիարժեք դրսևորվելու և սերունդներին գիտական ու գաղափարական վերելքների պատրաստելու, մտքի և հոգևոր զարգացման նախադրյալներ ստեղծելու ճանապարհին։
«Մենք յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի, երիտասարդ գիտնականի ու արվեստագետի, մարզիկի՝ իրենց ոլորտում կայանալու և արարելու աջակիցն ենք, ապագայի նկատմամբ վստահության երաշխավորը։
Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է և պահանջում է նվիրում, քրտնաջան աշխատանք, սեր և պատասխանատվություն թե՛ տվյալ ոլորտի, թե՛ երկրի ու ժողովրդի հանդեպ։ Եվ ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման»,-նշել է ԿԳՄՍ նախարարը։