Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ միտքը տարընկալումների տեղիք է տվել։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Էդգար Առաքելյանը:
Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պետրոսյանը նշել է, որ Սևանա լիճը սնուցող երկու գետերի՝ Որոտանի և Արփայի ակունքները գտնվում են Քարվաճառում, հակառակորդի վերահսկողության տակ, ինչը ռիսկեր է պարունակում։
«Լրագրողի հարցին նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերվել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։ Բնականաբար, այդ ազդեցությունը շատ չնչին է»,- նշել է խոսնակը։
Նշվել է նաև, որ ՀՀ բնապահպանական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգությունների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մի շարք գրություններ և ահազանգեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ։
«Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։ Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ»,- նշել է խոսնակը։