Կառավարությունն ընդունեց որոշում, որով սեղմ ժամկետներում կիրականացվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարների տրամադրման գործընթացը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվությունից հետո միայն համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը կարող է ամփոփել և հիմնադրամին տրամադրել շահառուների անվանացանկը։
Առկա իրողություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ավելի սեղմ ժամկետներում ապահովել անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու գործընթացը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, առանց քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկություններ ստանալու, ամփոփել ստացված տեղեկությունները, ճշգրտել անվանացանկը և ճշգրտված անվանացանկը տրամադրել հիմնադրամին` շահառուների վճարումն ապահովելու նպատակով։
Գործընթացի իրականացումը հնարավորություն կտա ավելի սեղմ ժամկետներում իրականացնել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարների տրամադրման գործընթացը։