ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ այդտեղ արածացրել են։ Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:
ՄԻՊ-ը պարզաբանում է, որ Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:
Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանն իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:
Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»: Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:
Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):
Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ: