Մենք հանդուրժողականության խնդիր ունենք․ առաջին հերթին քաղաքական գործիչները, իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակությունը շատ ավելի հանդուրժող պետք է լինեն լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ։ Քննադատությունը պետք է տարբերեն վիրավորանքից ու զրպարտությունից։ Անդրադառնալով լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, լրագրողների իրավունքների խախտումներին՝ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Այն պարագայում, երբ խոսքն իսկապես քննադատության մասին է, շատ ավելի հանդուրժող վերաբերմունք պետք է ցուցաբերել։ Մյուս կողմից, իհարկե, շատ կարևոր է լրատվամիջոցների կողմից պատասխանատվություն ցուցաբերելը»,-ասաց նա՝ շեշտելով քաղաքական պայքարի մաս չդառնալու կարևորության մասին։
Ա․ Մելիքյանն ընդգծեց, որ այդ առումով լուրջ խնդիրներ կան ինֆորմացիոն դաշտում, և հիմա իրավիճակը պարզապես տագնապալի է․ «Ոլորտն առողջացնելը շատ կարևոր է։ Իհարկե, օրենսդրական փոփոխությունները շատ կարևոր են, բայց շատ կարևոր է նաև այն, որ օրենքը կիրառվի։ Ցավոք, արձանագրում ենք բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, տարատեսակ ճնշումների փաստեր, սակայն շատ հազվագյուտ են դեպքերը, երբ մեղավորները պատժվում են ու պատասխանատվություն կրում։ Եթե անգամ քրեական գործ է հարուցվում, այնուամենայնիվ, գործը հաճախ չի հասնում դատարան, ու վճիռ չենք ունենում։ Իսկ եթե անգամ գործը հասնում է դատարան, հարցեր են առաջանում․ օրինակ, շատ լուրջ խոչընդոտումների պարագայում տեսնում ենք, որ բավականին հայտնի մարդը, որն իրեն պարզապես չպետք է թույլ տար խոչընդոտել լրագրողների աշխատանքը, դատարանի կողմից տուգանվում է 200 հազար դրամով։ Իսկապես լուրջ խնդիր կա այստեղ․ կարևոր են և՛ օրենսդրական հարցերը, և՛ օրենքի պատշաճ կիրառումը»։
Մյուս կողմից Ա․ Մելիքյանը նկատում է․ «Մեզ մոտ խոսքի ազատությունը շատ հաճախ շփոթում են ամենաթողության ու սանձարձակության հետ։ Խոսքի ազատությունը և՛ միջազգային փաստաթղթերում, և՛ մեր օրենսդրության մեջ մտքերի, կարծիքների և տեղեկատվության ազատ շրջանառումն է՝ առանց որևէ սահմանափակումների։ Սահմանափակումները կարող են լինել միայն օրենսդրական կարգով և հանրային շահից ելնելով, բայց գաղափարներն ու կարծիքները պետք է ազատ շրջանառվեն։ Յուրաքանչյուր ոք տեղեկություններ փնտրելու, մշակելու և տարածելու իրավունք ունի։ Այս գործունեությունը պետք է իրականացվի մեծ պատասխանատվությամբ։ Ազատ խոսքը նաև պատասխանատու խոսքն է։ Մարդիկ պետք է իմանան՝ ինչ են ասում ու պատասխանատու լինեն դրա համար։ Այս ամենը շատ հաճախ անտեսվում է մեր լրատվամիջոցների կողմից»։
Նա նշեց, որ այս առումով պետք է ուղիներ փնտրել․ «Պետության դերը ոչ թե զուտ օրենսդրական փոփոխություններ, այլ բարեփոխումներ անելը պետք է լինի, որոնք կկարգավորեն իրավիճակը»։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներին ու ճնշումներին՝ նա հավելեց․ «Մենք տեսնում ենք, որ լինում են անհիմն սահմանափակումներ։ Նշեմ նաև, որ, ցավոք, մենք արձանագրեցինք, որ ի տարբերություն 2019-ի՝ ճնշումների քանակով 2020 թվականը առատ է եղել։ Իսկ սահմանափակումները ոչ միշտ են համաչափ եղել և ոչ միշտ են համապատասխանել օրենքին։ Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշման 4 կետերը, որոնք վերաբերում էին լրատվամիջոցներին, անհամաչափ էին ու անհիմն։ Մեր հայտարարությունից հետո իշխանություններն ականջալուր եղան․ սկզբից մեղմացրին, հետո հանեցին սահմանափակումները»։
Անդրադառնալով օրենսդրական դաշտին՝ նա շեշտեց, որ կան անհրաժեշտ կարգավորումներ, որոնք բացակայում են․ ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում նոր կարգավորումներ են անհրաժեշտ։ Նույնը վերաբերում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքին, որին մենք խիստ քննադատաբար ենք մոտենում»։
Աշոտ Մելիքյանի հետ զրույցում անդրադարձանք նաև կառավարության նոր նախագծին, ըստ որի՝ հստակեցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:
«Մեծ հաշվով, սա նոր առաջարկ չէ։ Դեռ նախորդ իշխանությունների օրոք այս առաջարկն արել էր Արփինե Հովհաննիսյանը։ Սա ճիշտ առաջարկ է, որովհետև գործող օրենսգրքում նշված երրորդ կետը, փաստորեն, իրավաբանական կազուս էր առաջացրել։ Մեծ հաշվով, վերոնշյալ հոդվածը շատ ավելի ճկուն է դառնալու և դյուրին՝ կիրառման առումով»,-նկատեց մեր զրուցակիցը։
Հավելենք, որ օրերս ԽԱՊԿ-ը հրապարակել էր 2020թ․ զեկույցը՝ արձանագրելով, որ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն ավելացել են։
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան ինդեքսներում Հայաստանը վերջին տարիներին բարելավել է իր դիրքերը։
Մասնավորապես, 2020 թվականին Հայաստանը 180 երկրների ցանկում զբաղեցրել է 61-րդ տեղը։ 2019թ․-ին կրկին նույն տեղն է զբաղեցրել, մինչդեռ 2018 թվականին 80-րդ տեղում է եղել։