Հայաստանի ԱԱԾ-ն առաջարկում է արգելել սահմանային գոտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու սարքերի օգտագործումը, ինչպես նաև սահմանափակել նկարահանումները:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համապատասխան հարցը ներառվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, որոնց համաձայն՝ սահմանային գոտում մուտքի, գտնվելու եւ բնակվելու կանոնները խախտելը կհանգեցնի տուգանքի։