Փորձառու զբոսաշրջիկների միջազգային թիմը Հայաստանի տարածքով արշավ է սկսել։ Նպատակն է 40 օրվա ընթացքում հաղթահարել 832 կմ: Ինչպես հաղորդում է «Տրանսկովկասյան արահետ» հ/կ-ն, արշավը մեկնարկել է հունիսի 14-ին Արփի լճից և կավարտվի Մեղրիում։
Ըստ աղբյուրի, արշավի նպատակն է ընդլայնել տեղական համայնքների տնտեսական հնարավորությունները։
Արշավախմբի մասնակիցները կանցնեն Հայաստանի 6 շրջաններով՝ հաղթահարելով օրական միջինը 25 կմ։ Նրանք ոտքով են ճամփորդելու, գիշերելու են վրաններում։ Իրենց հետ վերցրել են անհրաժեշտ բոլոր պարագաները: Հաղթահարելով ճանապարհները՝ նրանք պետք է լինեն 4 լեռներում, 2 լճերում, ինչպես նաև6 քաղաքներում։ Երթուղին անցնում Է Ստեփանավան, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Սիսիան, Մեղրի ուղղություններով:
Նշենք, որ Անդրկովկասի ու Հայկական լեռնաշխարհի տարածքում քայլարշավային արահետի ստեղծումն ու քարտեզագրումը նպատակ ունի աշխարհին իրազեկել և առավել ճանաչելի դարձնել տարածաշրջանի բնաշխարհը, պատմական, մշակութային արժեքները եւ նպաստել բնաշխարհի պահպանմանն ու տուրիզմի զարգացմանը։ «Տրանսկովկասյան արահետ»-ն ընդգրկում է Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Այն սկիզբ է առնում Վրաստանի հյուսիսից ձգվելով մինչեւ Հայաստանի հարավային դարպասներ՝ Սյունիք:
«Տրանսկովկասյան արահետ» միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 2014 թ. ամերիկացի Թոմ Ալենի ու անգլիացի Փոլ Սթեֆընսի նախաձեռնությամբ, որին հետագայում անդամակցել են քայլարշավային արահետով հետաքրքրված ու նպատակասլաց անձինք։ «Արահետը» մեր տարածաշրջանում աշխատանքներն սկսել է 2015 թ. վերջերից, իրենից ներկայացնում է շուրջ 3000 կմ ձգվող արահետների ցանց, որը ներառում է Մեծ ու Փոքր Կովկասները՝ հյուսիս-հարավ ուղղությամբ եւ Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով՝ արեւելք-արեւմուտք ուղղությամբ։