ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊԿ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է և հուսով եմ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։
Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։
Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի թքած ունենալով էթիկայի բոլոր նորմերի վրա հետապնդում են պատգամավորներին, առանց թակելու բացում պատգամավորների դռները, պատգամավորների խնդրանքից հետո հրաժարվում փակել դրանք, խանգարում պատգամավորների աշխատանքին, ամբողջ շենքում խաթարում աշխատանքային մթնոլորտը, միայն թե կարողանան մի սենսացիոն հարց հնչեցնել ու անգամ չսպասել դրա պատասխանին։
Կարծում եմ՝ եթե կայացվի նման որոշում, ապա դրանից կշահեն նաև պարկեշտ լրագրողները, որոնք մեծամասնություն են կազմում, սակայն ցավոք լուռ են իրենց գործընկերների կողմից էթիկայի նորմերի ամենակոպիտ խախտումների հարցերով, իսկ նման որոշումից հետո, երբ կարգազանց լրագրողները այլևս զրկված կլինեն նման անթույլատրելի պահելաձև դրսևորելու հնարավորությունից, ավտոմատ կերպով կզրկվեն նաև լրագրողական համայնքի անունը արատավորելու հնարավորությունից, քանի որ իրենց այդօրինակ պահելաձևով նախևառաջ թիրախավորում ու խոցելի էին դարձնում հենց իրենց գործընկեր լրագրողներին»։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության նախկին և 8-րդ գումարման խորհրդարանի արդեն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.
«Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք
Սիրելի՛ հայրենակիցներ, զլմ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Խիստ անընդունելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը:
Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։
Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարևոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողները ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք և կարողացել օգտագործել այդ հնարավորությունը՝ հանրային շահերի պաշտպանության կարևոր գործում։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․
1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, և ի՞նչ հիմնավորմամբ։
2. Ինչու՞ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչու՞ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։
3. Ինչու՞ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։
4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։
Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները»: