ՀՀ ԳԱԱ Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցման հարցը ԿԳՄՍՆ-ի դաշտից դուրս է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայատարարեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Կառավարության շենքի դիմաց ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիային։
Դումանյանի տեղեկություններով՝ Քիմիկան ինստիտուտի շենքի տարածքը վաղուց վաճառվել է, ինքը դեմ է այդ գործարքին։
«Այդ տարածքն ունի սեփականատեր, բարեխիղճ գնորդ։ Տարածքի հետ էլ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն։ Այն մեր գործառույթների հետ առնչություն չունի։ Շենքի կկառուցվի, թե՝ ոչ, դա մեզ հետ կապ չունի, իսկ ինստիտուտի բուն գործառույթը մեր աշխատանքն է»»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողների հարցերը կիսատ թողնելով՝ Վահրամ Դումանյանը շտապեց կառավարության շենքից դուրս գալ և հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցներին՝ լսելու նրանց բարձրաձայնած հարցերը։
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԳԱԱ Քիմիական ինստիտուտի աշխատակիցները։ Նրանք բողոքում են, որ քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք է կառուցվում։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ պետք չէ ինստիտուտի տարածքում կառուցել բնակելի շենք, հետո էլ կվերացնեն ինստիտուտը և կկառուցեն տարբեր բնակելի շենքեր։ Ինստիտուտի աշխատակիցները մտահոգված են, որ ինստիտուտում կան թանկարժեք սարքեր, որոնք զգայունություն ունեն, որոնց համար վտանգավոր է ցանկացած շինարարական աշխատանք։
Քիմիական ինստիտուտի աշխատակիցները նշեցին, որ անօրինական կերպով օտարվել է ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանի տարածքը, որտեղ և այժմ ցանկանում են բնակելի շենք կառուցել։ Նրանք նաև ասացին, որ հարցը բազմակողմանի չի քննվել, թե ինչ ռիսկերի է ենթարկվելու ինստիտուտը նման որոշումից հետո։