Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, թե ինչու. որովհետեւ կրթությունն է այն միակ գործիքը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները։ Այս մասին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պնդումը ճիշտ է թե անհատի, և թե մարդկանց հավաքականություն հանդիսացող հանրության, պետության համար։ Եվ հետևաբար՝ գիտելիքի, իմացության, հմտության, կրթության և գիտության ասպարեզում մեր այսօրվա օրակարգը և այդ օրակարգի իրացման որակը կանխորոշում է մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու մեր կարողությունը։ Սա էլ կանխորոշում է մեր տեղը, դերը, կշիռն աշխարհում։
Կարևորում եմ նաև միջին մասնագիտական կրթության դերը, որը նախակրթության, հանրակրթության, բարձրագույն և ետբուհական կրթության հետ պետության ու տնտեսության զարգացման ամբողջական համակարգ է ձևավորում։
Այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից մասնագետների պակաս։ Մեր աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, բայց նաև խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։
Այսօրինակ երևույթները, որոնք մարդու բարեկեցության ու տնտեսության զարգացման խոչընդոտ են, կրթական համակարգում առկա խնդիրներն են ի ցույց դնում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում գրել է․
«Ամենադժվար բարձունքները, որոնք հաճախ անհասանելի են թվում, հնարավոր է նվաճել, եթե այս որակներին ավելանում է հայրենասիրությունը՝ հանուն հայրենիքի, հանուն ազգային ընդհանուր շահի ինչ-որ բան անելու ձգտումը: Սովորե՛ք հաղթահարել մարտահրավերները, առանց վհատվելու ընդառաջ գնալ երազանքներին, ստեղծել, ստեղծագործել և պատասխանատվություն ստանձնել հայրենիքի ճակատագրի համար:
Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը, մեր ինքնությանը և հավատացե՛ք վաղվա օրվան»: