Գորիսում ապրող լրագրող Արև Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քիչ առաջ հանդիպեցի երկու օր առաջ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից անհետացած տղաների հետ։
Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու անհետացած բնակիչներն այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տղաները լավ են, անգամ կատակում են։ Զգացածի մասին լռում են, թե ինչպես են իրենց վերաբերել հարցին, կատակով Բաքվում թեյ խմելու մասին են պատմում։
Տեսախցիկի առջև նրանք չցանկացան խոսել։ Արցախյան պատերազմին մասնակցած տղաները որոշել էին այցելել ընկերներին։ Նրանց Գորիսում հանդիպելուց հետո, Որոտան գետի մոտ փորձել էին մի փոքր հանգստանալ։ Շեղվել էին ճանապարհից, չեն իմացել որ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում են։ Կանգնեցրել են մեքենան, իջել հանգստանալու։ Իրենց խոսքով՝ հանգիստը Բաքվում են շարունակել։
Հարազատները լուրն իմանալուց անմիջապես հետո Գորիս են եկել։ Հրաշք համարելով անվնաս վերադարձը՝ որոշում էին անձնագրում տղաների ծննդյան օրվա փոփոխություն անել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նույն օրը կեսգիշերին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։