ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը։
Ըստ հայտարարության՝ Խաչատրյանի մոտ առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։
«Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։
Հարց է առաջանում. ինչո՞ւ այսքան ժամանակ իմ պաշտպանյալին չէին տեղափոխում բժշկական կենտրոն և ինչո՞ւ միայն մեր կողմից ապօրինությունների վերաբերյալ ահազանգերից հետո տեղափոխումը ընթացք ստացավ», – ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Ըստ փաստաբանական խմբի՝ պետության առաջին պարտավորությունը պիտի լինի բուժման պայմաններն ապահովելը, սակայն հակառակ գործընթացն է տեղի ունենում։
Հիշեցնենք` 2014-2016 թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։