Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Համացանցի ազատության մասին հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցի համաձայն՝ Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր, 2018 թվականին հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում, զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: «Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք և տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ութնյակում»,- ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ըստ ՀՀ վարչապետի գրառման՝ զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են:
«Նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ: