ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել ‹‹Իմ ուղին›› մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։
Նշենք, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ‹‹Արաբկիր›› բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, ‹‹Աուտիզմ›› ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պոլսահայ բարերար Անի Քադումյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և ուրիշներ։
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել Անի Քադումյանը: Նա շեշտել, ոգևորիչ է համարել այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ են կանգնած աուտիզմ ունեցող երեխաների կողքին։ Նաև նշել է, որ ոլորտում հսկայական աշխատանք կա կատարելու և ամենակարևորը. աուտիզմ ունեցող երեխաներին հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ ջանքերը միավորելն է։
Միջոցառման ընթացքում Աննա Հակոբյանը հյուրերի ուղեկցությամբ շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, կենտրոնի սաների կողմից արժանացել շնորհակալագրի մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։
Նշենք, որ ‹‹Իմ ուղին›› վերականգնողական կենտրոնը նախատեսված է աջակցել աուտիզմ ունեցող երեխաներին մասնագիտական կողմնորոշման և հմտությունների ձեռք բերման ուղղությամբ։ Նորաբաց մասնաշենքում նման աջակցություն կստանան 80 դեռահասներ։ Այստեղ արտթերապիայի շրջանակում գործելու են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարություն։ Սաներին հնարավորություն է տրվում նաև համակարգչային գիտելիքների, այգեգործության ուսանում։
Այս նախաձեռնությունից անմասն չի մնացել նաև ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը, որի աջակցությամբ ‹‹Աղքատության փուլային հաղթահարման›› ծրագրի շրջանակում նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխաանքներին հատկացվել է 14 մլն 400․000 դրամ։