Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է։Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում:
2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետադիզայներական ֆակուլտետը։
Զբաղվել է կարատեով և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով,այդ թվում՝ բռնցքամարտով:
Ադամ Սահակյանը զորակոչվել է հայկական զինված ուժեր 2015 թվականի հունվարի 26-ին և ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլ): Ծառայության մասին երբեք ոչինչ չի պատմում: Ծնողներն անգամ չգիտեին, որ Ադամը մարտական հերթապահություն կրող ստորաբաժանման կազմում է: Զորամասում բոլորից, այդ թվում՝ մտերիմ ընկերներից ի սկզբանե թաքցրել է, որ կարողանում է նկարել և գծագրել, որպեսզի այլ հանձնարարություն չստանա և առանց որևէ խոչընդոտի կարողանա բարձրանալ դիրքեր:
Ապրիլի 2-ի առավոտյան հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողություններ են սկսվել: Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր։ Ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր. նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում էլ տեղի է ունեցել հակառակորդի հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո, 112 դիրքի (Լելե Թեփե բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցել են շրջանաձև պաշտպանության։Սերժանտը, իր ծառայակից ընկերների հետ, 5 ժամ շարունակ մարտնչել է թշնամու դեմ՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Սերժանտն ընկել է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում՝ մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Ադամ Սահակյանը, սակայն, անհետ կորածների ցուցակում էր. մինչ նրա մահվան լուրն իմանալը հարազատները համացանցում տարածել էին զինվորի նկարը, ումից արդեն մի քանի օր է լուր չունեին: Հարազատներից բացի, նրան սկսել էին փնտրել ծանոթ ու անծանոթ հարյուրավոր մարդիկ: Նրա մահվան մասին հայտնի դարձավ մի քանի օր անց միայն: Ադամը վերջին անգամ ծնողների հետ կապ էր հաստատել 2016 թվականի ապրիլի 1-ի երեկոյան, զգուշացրել, որ հնարավոր է` մի քանի օր չկարողանա զանգահարել՝ հավելելով՝ «Դուք գիտեք, թե որտեղ եմ»: Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել ապրիլի 2-ի առավոտյան ժամը 08:00-ին, հաղորդել, որ անձնակազմը զոհվել է, ինքը մնացել է միայնակ:
Ադամ Սահակյանը 2016 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով, իսկ մայիսի 28-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ «Արիության» պետական մեդալով: