Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» իր միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։
Կարո Փալյանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։
Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմացել է Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալությանն ու երիտթուրքերի քաղաքականությանը։ Ալի Քեմալը նշել է, որ երիտթուրքերը երկիրը կանգնեցնելու են աղետի առաջ և նա իրավացի է եղել այդ հարցում։
Ալի Քեմալը նաև դեմ է արտահայտվել հայերի տեղահանության որոշմանը։
Ալի Քեմալը եղել է նաև Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և պայքարել Հայոց ցեղասպանության մեղավորների արդարացի պատժի ու դատարանի առաջ կանգնելու համար։
Փալյանը նշել է, որ անգլիացիաների և Անկարայի կառավարության միջև ստորագրված գաղտնի համաձայնագրով Մալթայում գտնվող իթթիհադականները վերադարձան Անկարա ու այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին հայերի ցեղասպանության համար։ Իսկ Ալի Քեմալը որակվեց որպես դավաճան։ Նա Իզմիթում, լինչի դատաստանի ենթարկվելով, սպանվեց։
«Նա խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Պահանջում էր, որ հաշիվ տրվի Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար։ Եթե հաջողության հասներ, կազատվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներով պետությունից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց և կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»,-եզրափակում է Կարո Փայլանը։