Իրականում «հայերի ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, բայց այդ ելույթում ԱՄՆ առաջնորդը խոսում էր Հոլոքոստի մասին, Armenia Today-ի ուղիղ եթերում հայտարարել է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է փոխվել ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց հետո։
Մինչդեռ, ինչպես կարծում է փորձագետը, նույնիսկ Ռոնալդ Ռեյգանի կողմից այս եզրույթի օգտագործումը ոչ մի կերպ քաղաքական գերակայություն չդարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Այն ժամանակ ընդունված չէր ուղերձներով դիմել հայ ժողովրդին։ Ռոնալդ Ռեյգանը միայն մեկ անգամ է օգտագործել այդ տերմինը, ընդ որում, դա արել է իր օգնական Քեն Խաչիկյանի հորդորով, որը համոզված էր, որ և՛ Պետդեպարտամենտում, և՛ անվտանգության խորհրդում ճիշտ կընկալեն ԱՄՆ նախագահի հայտարարությունը, սակայն, որևէ շարունակություն այն չունեցավ։ Դրանից հետո ոչ մի ամերիկացի նախագահ չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը նույնիսկ այն բանից հետո, երբ իր նախընտրական քարոզարշավում խոստանում էին դա անել։ Ե՛վ Բիլ Քլինթոնը, և՛ Ջորջ Բուշ կրտսերը, և՛ Բարաք Օբաման, չնայած տված խոստումներին, խուսափեցին «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։ Միայն Դոնալդ Թրամփը ոչինչ չի խոստացել և, բնականաբար, չի արել։
Ջո Բայդենը ԱՄՆ-ի փոխնախագահն էր Բարաք Օբամայի օրոք և արդեն այն ժամանակ անհամաձայնություն էր հայտնել այդ բառը չօգտագործելու ամերիկյան վարչակազմի ղեկավարի մտադրության վերաբերյալ: Նույնիսկ Սամանտա Փաուերի (ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ-խմբ.) հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Հարցին, թե տվյալ հայտարարությունը իրավական ուժ ունի՞, թե՞ խոսքը առաջին հերթին քաղաքական կամ խորհրդանշական որոշման մասին է, Սուրեն Սարգսյանը նշեց, որ առաջին հերթին խոսքը քաղաքական գնահատականի, և երկրորդ՝ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման մասին է: Փորձագետը հիշեցրեց, որ 2019 թվականին Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ գրեթե միաձայն ընդունելով համապատասխան բանաձևեր, որոնցում խոսվում էր նաև Հայոց ցեղասպանության փաստի իրավական ճանաչման մասին, ընդ որում, ամենաակտիվ լոբբիստներն այն ժամանակ հիմնականում հանդես էին գալիս դեմոկրատ սենատորներ, Ջո Բայդենի համախոհները՝ Բոբ Մենենդեսը, Նենսի Փելոսին և այլք։ Ըստ էության, խոսքը ոչ իրավական ճանաչման մասին է։ Պետք է նկատի ունենալ, որ իրավական դաշտում ԱՄՆ-ն չի ճանաչել անգամ Հոլոքոստը՝ համարելով, որ դա հակասելու է խոսքի ազատության մասին սահմանադրական փոփոխություններին։
Խոսելով այն մասին, թե ինչու է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավոր դարձել հենց հիմա, և ինչ գործոններ են նպաստել այդ որոշման կայացմանը, Սուրեն Սարգսյանն առաջին հերթին անդրադարձել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին, որոնք Կիպրոսի ճգնաժամից հետո այդ երկրների հարաբերությունների ողջ պատմության ընթացքում ամենացածր մակարդակի վրա են։ Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը հենց հիմա պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Պետք չէ նաև հաշվի չառնել ԱՄՆ հայ համայնքի կողմից իրականացվող ակտիվ աշխատանքը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին պատժելու Միացյալ Նահանգների ցանկությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը նվեր կլինի թուրքական ընդդիմության համար, որը ցույց է տալիս, որ 100 տարի կարողացել է զսպել այդ հարցը, Իսկ Էրդողանի իշխանության օրոք իրավիճակը փոխվել է։ Փորձագետի խոսքով՝ կան բազմաթիվ այլ նմանատիպ գործոններ ևս, որոնք, ի վերջո, հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։