«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին մեկնել է Փարիզ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու: Արգենտինայի հավաքականի հարձակվողի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն Instagram-ում հրապարակել է Ֆրանսիա ուղևորվող ինքնաթիռում արված լուսանկարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարել էր, որ չի երկարաձգի Մեսսիի հետ պայմանագիրը՝ կապված իսպանական լիգայի կանոնակարգում ամրագրված ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների հետ: Մեսսին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է եկել 2003 թվականից։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվել է հունիսի վերջին։ Անցած մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը 35 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում, խփել է 30 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում: