ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է հանդիպման կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում:Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ջիանի Ինֆանտինոն մասնավորապես նշել է. «Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն այս գեղեցիկ խաղի զարգացմանը ձեր երկրում: Դուք միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ այս նպատակն ի կատար ածելու: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են ձեր առջև՝ ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առչվող ցանկացած հարցի քննարկման համար»:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Եվս երեք քվեաթերթիկ համարվեց անվավեր: