Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ որևէ համատեղ ձևաչափերին անհնար է թվում այնքան ժամանակ, քանի դեռ «ՌԴ-ն չի կատարել իր միջազգային պարտավորությունները», հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ի պատասխան տարածաշրջանում «Վեցի պլատֆորմի» ստեղծման նախաձեռնության:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իրենք քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման նոր ձևաչափի՝ «Վեցի պլատֆորմի» ստեղծումը: Հարթակ կարող են մտնել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, ցանկության դեպքում, Հայաստանը։
«Մենք մասնակցում ենք մեր հարևան երկրների ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության տարածաշրջանային տարբեր ձևաչափերին։ Հասկանալի են մեր գործընկերների և բարեկամ երկրների փորձերը տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ», – հայտարարել է Դարսալիան վրացական Առաջին ալիքին:
«Ինչ վերաբերում է այն ձևաչափերին, որոնց մասնակցելու է Ռուսաստանի Դաշնությունը, մենք դրա հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք։ Այդ ձևաչափերի գոյության համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները, ինչը ենթադրում է կրակի դադարեցման պարտավորության նվազագույն կատարում, Վրաստանի տարածքից զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձի գործընթացի սկիզբ և այլն», – հայտարարել է նա: