ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։
Նախագծով «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ սահմանել ավելի բարձր տուգանքներ:
Մանուկյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը հղացել է, երբ հանձնաժողովում փորձում էին կարգավորել բանկային ավանդների, բանկային համակարգի և սպառողների միջև փոխհարաբերությունները՝ նկատելով, որ կան վարքագծի ստանդարտների չպահպանման խնդիրներ:
Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են տուգանքի հետևյալ չափերը` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ:
Նախագծի համահեղինակ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացմամբ՝ բանկի կողմից օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ:
Ըստ Արտակ Մանուկյանի՝ օրենքի նախագծի նպատակն է բարձրացնել սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Իսկ տուգանքները գնալու են պետբյուջե։
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, սակայն, չի կիսում Մանուկյանի կարծիքը։ Նրա համոզմամբ՝ այս օրենքի նախագիծը ոչ թե սպասարկում է սպառողի շահը, այլ՝ Կենտրոնական բանկի։