«Թիմ» ՍՊԸ համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին ընկերության հասցեին արված մամուլի հրապարակումներին։
«Մասնավորապես պետք է նշեմ վերջին օրերի հրապարակումները, որոնք, թիրախավորելով իմ և եղբորս կողմից ստեղծված ԹԻՄ ընկերությունը, իրենց ահնհեթեթությունների և հորինված կոնսպիրատիվ տեսություններով արդեն որերորդ ամիսն է, փորձում են մեզ ներկայացնել մեկ մի ճամբարից, մեկ՝ մյուս: Պատմությունը սկսվեց այն բանից, երբ առևտրային բանկերին դիմելու ժամանակ մի շարք լրատվամիջոցներ որոշեցին կապել մեր կազմակերպության անունը տարբեր բանկերի հետևում կանգնած ուժերի հետ, ապա սկսվեց մի երկար ապատեղեկատվական արշավ, թե, իբր, կառավարությունից զբաղվում են Վեոն Արմենիայի ձեռքբերմանն աջակցելով, և ամեն անգամ հրապարակելով իմ նկարը` հորինվածքներ սկսվեցին շարադրվել տարբեր թերթերում:
Մինչ այժմ արտահայտած որևէ պնդում անհատի կամ լրատվամիջոցի կողմից չի հաստատվել, և դրանք մնացել են հեքիաթի ժանրում օդում կախված, իսկ մենք որևէ հերքում կամ ներողության խոսք չենք ստացել որևէ անհատի կամ կազմակերպության կողմից: Հայտարարում եմ, որ Թիմ ՍՊԸ միակ վերջնական սեփականատերերը ես և եղբայրս ենք` Ալեքսանդր և Հայկ Եսայաններս, և Վեոն Արմենիա ՓԲԸ ձեռքբերման գործընթացում որևէ պետական երաշխիք չի ստացվել»,- նշել է նա։
Միաժամանակ հայտնել են, որ Տելեկոմ Արմենիա ընկերությունն այժմ գտնվում է վերակազմավորման, ինտեգրացիայի և ներդրումային խոշոր միջազգային ծրագրերի կարևորագույն փուլում:
«Նման հրապարակումները կործանարար ազդեցություն են ունենում կազմակերպության միջազգային հեղինակության վրա, ձախողում ներդրումային գումարների ներգրավումը դեպի Հայաստան:
Կրկնում եմ, հարգելիներս, զերծ մնացեք ստից և կեզծիքից, չստուգված, ապացույց չունեցող հրապարակային գրառումներից. դրանով վնասում եք հենց ձեզ և բոլորիս, վնասում եք մեր հայրենիքին:
Տելեկոմ Արմենիա ՓԲԸ-ն ՀՀ օրենքի սահմաններում դիմելու է դատարան և ընկերության անունը վարկաբեկող հորինված հրապարակումների հեղինակներին պատասխանատվության է կանչելու, որպեսզի հրապարակայնորեն դատապարտվեն նման նյութեր ստեղծողներն ու հարապարակողները»,- ասված է «Թիմ» ՍՊԸ-ի տարածած հայտարարության մեջ։