Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները Մոսկվայում դիտվում են որպես ինքնիշխան պետության ներքին գործը:
Այս մասին «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում: Մենք կոչ ենք անում հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն, որոնել ողջամիտ փոխզիջումներ՝ ի շահ հայ հասարակության համախմբման: Մենք հույս ունենք, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակներում և կծառայի որպես ելակետ՝ Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար», – ասաց փոխնախարարը:
Նա համաձայն չէ գերակշռող կարծիքի հետ, որ երկկողմ հարաբերությունները կորցրել են իրենց բնորոշ վստահությունը, դինամիկան և խորությունը:
«Մենք չենք կիսում նման գնահատականները: Մեր երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար հիմնված են եղբայրական բարեկամության և փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ, տարբեր մակարդակներում և վեկտորներում՝ անկախ արտաքին և ներքին կոնյունկտուրայից: Ռուսաստանը շարունակում է վստահորեն զբաղեցնել արտաքին տնտեսության հիմնական օտարերկրյա ներդրողի դիրքերը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը: