2021 թվականին Հայաստանում կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության նախորդ տարվա կատարողականը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հայտնեց, որ KfW գերմանական բանկի կողմից նախկինում տրամադրված, բայց կասեցված վարկի շուրջ բոլոր տարաձայնությունները կարգավորվել են։ Նա հայտնեց, որ ապրիլի 16-ին տեսակապով մտադիր է հերթական բանակցություններն անցկացնել բանկի ղեկավարի հետ՝ ամփոփելու ջրամբարի կառուցման ճանապարհային քարտեզը:
Նշենք, որ ծրագրի իրականացման համար KfW բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով։ 2018 թվականին ուժի մեջ մտած համաձայնագրից յուրացվել է ընդամենը 2,9 մլն եվրո, ինչը բացասական արձագանք է առաջացրել բանկի կողմից, առավել ևս, որ տեղի են ունեցել տոկոսադրույքների վճարումների ուշացումներ: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, որից 10 միլիոնը ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասնաբաժինն է: Նախագիծը նախատեսում է ջրամբարի պատվարի օժանդակ կառույցների կառուցում, Ախուրյան գետի հիդրոլոգիական դիտարկումների կետերի հագեցում (Արփի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար), լրացուցիչ կայանների կառուցում, կենտրոնացված տվյալների բազայի ստեղծում (SCADA համակարգ):
Կապսի անավարտ ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի վրա: Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվել է 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: