Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի կայուն ֆինանսական հատվածի կառուցմանը, էներգետիկ համակարգի, ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև երկրի մրցունակության բարձրացմանը:
Յուրգեն Ռիգտերինկը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը տպավորիչ վերափոխումների միջով է անցնում և իրենք պատրաստ են աջակցել երկրին էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու գործում:
Այս համատեքստում Յուրգեն Ռիգտերինկը վերհիշել է նաև սեպտեմբերի 20-ին «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկը, որի մասնակիցներից մեկն է ՎԶԵԲ-ը:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ անդրադարձել են ՎԶԵԲ երկրի նոր՝ 2019-2024 թթ. ռազմավարությանը, որը ՎԶԵԲ խորհրդի նիստում հաստատման կդրվի նոյեմբերի վերջին: Քննարկվել են ռազմավարական համագործակցության առաջնահերթությունները, երկուստեք ընդգծվել է ծրագրերի իրականացման գործում դինամիկ գործելաոճը:
Տիգրան Ավինյանը կարևորել է այն փաստը, որ Բանկի ներդրումային փաթեթի մեծ մասը կենտրոնացած է մասնավոր հատվածում, ինչը ոչ միայն դաշտում ֆինանսների պակասը մեղմող կարևոր աղբյուր է, այլև նպաստում է կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության առաջադեմ մշակույթի առաջխաղացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ճանապարհային ու ջրային ենթակառուցվածքների, ինտենսիվ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, հանրային տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա ծրագրերին և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորություններին: