Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատգամավորներն ընդունել են «2014թ․ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության՝ դրան միանալու կապակցությամբ»։ Այս մասին հաղորդում է «Կազինֆորմի» թղթակիցը:
Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ, էլեկտրաէներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության ապահովմանը:
«Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին, որը ստորագրվել է 2014-ի հոկտեմբերի 10-ին: Այն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և 2015-ի հունվարի 2-ին Հայաստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ: Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման շրջանակներում ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություն է մշակվել: Դրա նպատակն է որոշել ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման մեթոդաբանությունը՝ համաձայնագրին Հայաստանի միանալու կապակցությամբ»,- ասել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Կայրաթ Ռահիմովը:
Արձանագրության նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության խորհրդում 2017 թ․ մարտին: Փաստաթղթի վավերացումը թույլ կտա արդյունավետ գործարկել ԵԱՏՄ անդամ երկրների էներգացանցերը:
«Ներկայումս արձանագրությունը վավերացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի կողմից: Օրինագծի ընդունումը չի հանգեցնի բացասական սոցիալ-տնտեսական և այլ հետևանքների: Այն պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի», – եզրափակել է փոխնախարարը: