Մենք ականատես ենք լինում խոր քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամի, հասարակության՝ իրար նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման, սև-սպիտակի բաժաման, ոչ պրոֆեսիոնալ կառավարման, երկար տարիների անվերջ բացթողումների, համահայկական խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայության։ Այս մտորումների շարքը, ըստ հայտնի գործարար, Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի, կարելի է երկար շարունակել։
Նա իր ուղերձում ասում է, որ մեր ազգի առջև այսօր կա մեկ հրամայական, դա ունի մեկ անուն՝ զարգացում․ զարգացում՝ ռազմական, կրթության, գիտության և սպորտի ոլորտում, առողջապահության, նորարարության ոլորտում և ամենուրեք։ Գործարարը համոզված է, որ երկրում պետք է վերականգնվի միասնականության, համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը, պետք է վերաիմաստավորվեն ազգային հոգևոր արժեքները՝ վերականգնելով մեր սերը առաքելական եկեղեցու հանդեպ։
«Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե, առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության»,- ասում է գործարարը։
Ըստ նրա՝ որքան էլ ճշմարտությունը ցավոտ ու ոչ պոպուլյար լինի, մարդիկ դա իմանալու են իրենցից ու միասին են հաղթահարելու ամենադժվար փորձությունները, ստեղծելու են ժողովրդի իրական իշխանություն։ Թիմի լիարժեք ճանապարհային քարտեզը կձևավորվի մարզային ու համայնքային այցելությունների միջոցով։ Այդ մոտեցումը, իրականում, առաջին անգամ է կիրառվելու ՀՀ-ում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թովմասյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ: