Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը և գիշերելու է հրապարակում։
Վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» պետք է հասկանան, որ իրենց պահանջները անպատասխան են մնացել, հետեւաբար ամբողջ պատասխանատվությունն նրանց վրա է։
«Վաղը ժամը 16։00-ին կհավաքվենք այստեղ ու միասին կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- նշեց նա։ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց Կառավարության շենքի շուրջբոլորը երթ կատարել ու կրկին հավաքվել բեմահարթակի մոտ։
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։