Իշխանությունն ընդունում է Էդմոն Մարուքյանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ առաջարկությունը և պատրաստ է դրան ցանկացած պահի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին:
Սակայն, «Իմ քայլը» դեմ է Մարուքյանի մյուս առաջարկին, որ վարչապետը նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում։ Իսկ դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
Մակունցի խոսքով՝ այս առաջարկը քննարկման ենթակա չէ:
«Կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացման համար և որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Տեղի է ունեցել Սահմանադրության խախտում»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։