ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեց:
Նա պարզաբանեց, որ արտահերթ ընտրությունները վարչապետը չի կապում ԳՇ հայտարարության հետ, սակայն ինքն է կապում, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև ԳՇ խնդիրը:
«Որևէ հարցի շուրջ որևէ համաձայնություն այս պահին չունենք: Որքանով հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Միայն «Լուսավոր Հայաստանով» պրոցեսներն առաջ գնալ չեն կարող»,- ասաց Մարուքյանը:
Նա նաև կանխատեսեց, որ հենց պարզ լինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, հնարավոր է՝ նորից բանակցություն լինի:
«Համաձայնության չգալու պատճառն այն է, որ վարչապետը երկու հարցն իրար չի կապում, իսկ մենք կապել եք»,- ընդգծեց Մարուքյանը՝ առաջ քաշելով օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝ որպես ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակ:
Մարուքյանը նաև շեշտեց, որ արտահերթի գնալու վարչապետի միակ նախապայմանը Կառավարության հետ հուշագիր կնքելն է: