ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: Armenpress-ին այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,-ասաց Մակունցը:
Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ն էլ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: Հայտնի չէ նաև ՀՀ վարչապետի դիրքորոշումը նախագահի հրավիրած հանդիպման վերաբերյալ։
Հավելենք, որ նախագահի առաջարկին արձագանքել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդունել է նախագահի հրավերը։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով նախօրեին վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին, ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման։