«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ: Ավելին, նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տեւել մինչեւ 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո կառավարությունը հայտարարեց, որ կփոխհատուցի պատերազմի մասնակիցների և նրանց երեխաների առաջին կիսամյակի ուսման վարձը: Այդ հայտարարությունից անցել է չորս ամիս, սակայն այս խոստումը կատարված չէ: Բուհերը պարզաբանում են, որ փոխհատուցումը պետք է կատարի պաշտպանության նախարարությունը, սակայն իրենց նախարարության կողմից գումար չի փոխանցվել, երբ կլինի, այն ժամանակ էլ իրենք կվճարեն փոխհատուցումը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ եթե որևէ քաղաքացի այլընտրանքային կարծիք է արտահայտում, ապա շատ արագ հայտնվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակման թիրախում։ Իշխանությունները ամեն մի երկրորդական հարցից խոսում են, քննարկումներ են ծավալում, բայց դրա մեջ չի մտնում Արցախը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների գնալու են նոր Ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ ընտրակարգի հարցը չի քննարկվել․ «Բայց ես բոլոր քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել մեր խորհրդարանական գործընկերներին, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի։ Մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ԼՀԿ-ն թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, ՀԿ-ների հետ․․․ որոշում է կայացրել, որ գնանք ԸՕ պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կայանան փակ համամասնական ընտրակարգով»: