Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում կան մի շարք անհամապատասխանություններ։ Այս մասին Կառավարության այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Քննարկված նախագծով առաջարկվում է տարբեր դասերի վրա սովորական բաժնետոմսեր թողարկել։
«Ներկայումս մենք ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ։ Հիմա մենք թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը ևս ունենան դասեր։ Սա արվում է, քանի որ ներդրողների «ճաշակը» կարող է տարբեր լինել․ մեկը կարող է ուզենալ ավելի շատ կառավարմանը մասնակցել, մյուսն՝ ավելի շատ շահաբաժին ունենալ, իսկ երրորդը՝ համադրված տարբերակ ընտրել»։
Նախարարի խոսքով՝ միևնույն դասի բաժնետոմսով առավելագույն քվեարկության իրավունքը սեփականատիրոջ համար 10 ձայն է լինելու։