Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան կուսակցության» նախընտրական շտաբի ղեկավարն է լինելու։ Ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված Armenia Today-ը զրուցել է նրա հետ։
-Պարո՛ն Խաժակյան, «Լուսավոր Հայաստանը» պատրաստվո՞ւմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարգախոս արդեն ունե՞ք։
-Կազմակերպչական աշխատանքները մեկնարկել են։ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծրագիրը շուտով պատրաստ կլինի, և կհրապարակենք։ Սակայն կարգախոսի հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են։ Ընտրացուցակը նույնպես դեռևս պատրաստ չէ։ Համաձայն ժամանակացույցի՝ մայիսի 26-ին ցուցակները պետք է ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մինչ այդ մեր ցուցակը պատրատ կլինի։ Քարոզարշավին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներն ամբողջ թափով կատարվում են։
– Նախընտրական ի՞նչ ծրագիր եք կազմել։
– Բնականաբար, ծրագիրը չի կարող չտարբերվել 2018 թվականից առնվազն տնտեսության վերականգնման և երկրի անվտանգության մասով։ Այստեղ մենք լուծումներ ենք փնտրում։ Լուծումներից մեկը կարող եմ նշել․ դա Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունն է, որը կարող է լինել 102-րդ ռազմաբազայի մի ստորաբաժանում։ Սա պարտադրված անվտանգության միջոց է, քանի որ մենք հասկանում ենք, թե ինչ սպառնալիքներ կան։ Ուստի, կարծում ենք, որ անհրաժեշտություն է։
Այն մարդիկ, որոնք զբաղված են Հայաստանի ինքնիշխանությունը թմբկահարելով, իշխանությունը հասցրեցին այսպիսի վիճակի։ Պետք է հասկանանք մեր առաջնահերթությունները։ Հայաստանի անվտանգության համար հիմա շատ ավելի կարևոր է մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի աջակցությունը։
-Իսկ «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում նոր դեմքեր կլինե՞ն։
– Մեր ընտրացուցակում անպայման նոր մարդիկ կլինեն, որոնք բավականին ներկայացուցչական տեղերում կլինեն։ Այս պահին անուններ հրապարակել չեմ կարող, որովհետև քննարկումները դեռևս չեն ավարտվել։ Բայց «Լուսավոր Հայաստանի» կազմում ընդգրվելու են ոչ միայն մեր կուսակցության ակտիվը, գործող պատգամավորները, այլ նաև կլինեն պրոֆեսիոնալ մարդիկ։
Մանրամասները՝ տեսանյութում․