ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ՝ նվիրված Հայաստանի սահմանազատման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարված փաստաթղթի քննարկմանը։ Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։
«Երբ ՌԴ արտգործնախարարը նշեց, որ փաստաթուղթ է շրջանառվել, մենք հայտնեցինք, որ այդպիսի փաստաթուղթ ստացել ենք, բայց այդ փաստաթուղթը քննարկելու համար կա նախապայման, որ Ադրբեջանի ԶՈՒ-երն ամբողջությամբ լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Պետք նշենք, որ ԱԽ առաջին նիստում մենք ունեցել ենք ռազմավարական որոշում, որ պետք է մաքսիմալ մեր գործողությունները հրապարակային կատարենք, ինչը մաքսիմում իրականացրել ենք։ Մենք նշել ենք, որ այդպիսի փաստաթուղթ կա, քննարկումները դեռ կոնկրետ չենք սկսել, բայց որպեսզի սկսենք, շատ կարևոր է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը լքեն ՀՀ սուվերեն տարածքը, այդ է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն չի եղել հանրության հետ»,-այս մասին ԱԺ-ում հայտատարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը հայտնեց, որ իշխանությունները սկսել են միջազգային կարևոր գործընթաց, որ կա հստակ միջազգային կոնեսենսուս, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք լքեն ՀՀ տարածքը։
«ՄԵնք մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորենք այս խնդիրը, բայց եթե մենք չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ՝ կարգավորելու այս խնդիրը»,-հայտնեց նա։
ԱԽ քարտուղարը հանրությանը որոշակի համբերության կոչ արեց, մինչ կկարգավորվի առաջացած թնջուկը։
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով: «Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», – նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։