«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը։ ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։ Տեղեկացնենք, որ «Սպիտակ Իշխանի» մեկ կիլոգրամը, եթե այն վաճառքի կա, ապա արժե 2300 դրամ, իսկ «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով։ Բայց սա դեռ ամենը չէ. այն առաջիկայում է՛լ ավելի է թանկանալու։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են ձկնաբույծները, իսկ պատճառը ջուրն է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ձեւավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլեւս նման «անձեռնմխելի» պետհամարանիշներ չեն ունենա։ Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթեւեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։ Առավելությունը, բացի «թիթիզությունից», մեկ էլ ՃՈ տեսուչների կողմից ավելի ներողամիտ վերաբերմունքն էր: Նրանք ճանաչում էին եւ չէին կանգնեցնում նման համարներով մեքենաները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին հայտնի դսրձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. Միեւնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ Սահակ Օհանյանի ազատումն ամենեւին պատահական չէ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմիկ Թեւոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլեւ ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիեւ մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ ինադ է ընկել, ազատման դիմում գրել։ Ի դեպ, նրա դիմումը դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ մարզպետը դեռ Թեւոնյանն է։ Թիմում հույս ունեն, որ նա հետ կվերցնի դիմումը՝ հատկապես որ այն կապում են Տիգրանաշենի հանձնման եւ այլ անվտանգային հարցերի հետ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձեւով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխանությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեեւ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, եւ դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»: