«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մանդատը վայր դնելու և նրա գործունեութան հետագա նպատակահարմարության հարցը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ են՝ հավելելով, որ Խաժակյանը չի կորչի և հնարավոր է՝ մի օր առաջադրվի քաղաքապետի պաշտոնում կամ դառնա պատգամավոր:
«Դավիթ Խաժակյանը լավ օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու նիստից լուսաբանվում է ոչ թե փաստարկված մեղադրանքը քաղաքապետին, այլ՝ սարկազմը:
Մանե Թանդիլյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, իսկ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից։
«Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր մասնակցությունն այդ խմբակցությունում կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է: Այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, և կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի վրա»:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ բովանդակային քննադատությունն այլևս չի դառնում ուղղություն:
«Դավիթ Խաժակյանը ամբիոնից բացահայտեց պաշտոնական կեղծիք, բայց դրա լուսաբանումը չկա, լուսաբանվում է ավագանու անդամի վիրավորանքը քաղաքապետին: Այդ աշխատանքը կորչում է, դա քաղաքացիները չեն տեսնում, իսկ նրանցից մենք բազմաթիվ զանգեր ու նամակներ ենք ստանում»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ իրենք միայն իրենց անդամի պատասխանատուն են: