Freedom House հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկել է Freedom in the World 2020 «Անառաջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քաղաքական ազատությունների ուղղությամբ իրականացված քայլերին։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի քաղաքական ազատականացումը, որը սկսվեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով, 2019 թվականին դրական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա։
Համաձայն զեկույցի՝ Ղարաբաղն առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից:
«Նախադրյալներ են ստեղծվել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում դրական փոփոխությունների համար»,- ասված է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ Եվրասիայի դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ համարվող Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Նշվում է նաև, որ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը լուրջ խոչընդոտների է բախվում: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիկստանը և տասնյակից ավելի այլ երկրներ: