Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Մենք կորոնավիրուսով վարակվածների 1 միլիոն բնակչի հաշվով առաջ ենք անցել Իրանից և Ֆրանսիայից և հավասարավել ենք Ռուսաստանին և այս տեմպով շարունակելու դեպքում հավասարվելու ենք Իտալիայի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համավարակի տարածման այսպիսի տեմպը բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի ու մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգներին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը կոչ արեց առանց դիմակի շփվել միայն ընտանիքի անդամների հետ, իսկ մնացած բոլորի հետ առանց դիմակի շփումը բացառել։
«Եթե անձը ձեր ընտանիքի անդամ է, բայց վարակված է, կամ կոնտակտավոր է, ապա այս պարագայում նույնպես շփվեք դիմակով, պահպանեք սոցիալական հեռավորությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, կրեք դիմակներ և կփրկեք հարյուրավոր կյանքեր»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ կարող են օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև՝ իրենց կողմից պատրաստված դիմակներ:
«Հստակ արձանագրում ենք՝ որևէ մեկին չեն պարտադրում օրը 3-4 անգամ դիմակ գնել, դուք կարող եք պատրաստել դիմակներ, մեկ օրվա համար ունենալ 3-4 դիմակ, օրվա ավարտին դրանք ախտահանել, լվանալ, մաքրել և հաջորդ օրը նույն կերպ օգտագործել»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիներին:
«Վստահ ենք, որ այս կանոնների ճշտգրիտ և որակյալ պահպանումը ոչ միայն կբերի համաճարակի թվերի աճի նվազեցման, այլև մեզ կօգնի հաղթահարել համաճարակը»,- նշեց վարչապետը: