Եվրոպական հանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ տարածք։
Այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։
Հայաստանում հավաստագրված ավիաընկերությունների նկատմամբ նման որոշում է կայացվել, քանի որ դրանք չեն բավարարում թռիչքների անվտանգության միջազգային չափանիշներին:
Եվրահանձնաժողովի որոշման, այս հարցում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի բացթողումների ու խնդրի լուծման հնարավորությունների մասին Armenia Today-ը զրուցել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանի հետ։
– Պարոն Խաչատրյան, արդյոք Եվրահանձնաժողովի որոշումը պայմանավորվա՞ծ է ՀՀ Քաղաքավիացիայի կոմիտեում երկար տարիներ կուտակված խնդիրներով թե՞ դա կոմիտեի ներկայիս ղեկավարության բացթողումն է։
– Եվրահանձնաժողովի նման որոշումը, միանշանակ, պայմանավորված չէ, ինչպես ՀՀ Քաղաքավիացիայի կոմիտեն է նշում, կոմիտեում երկար տարիներ կուտակված խնդիրներով։ Կոմիտեն այսկերպ վարկաբեկում է հներին, որպեսզի արդարացնի նորերին։ Եվրոպական թռիչքային անվտանգության թիմը (EASA) եկել էր Հայաստան և ստուգումներ իրականացրել հենց Քաղավիացիայի կոմիտեում, այնպես որ այստեղ նախկինները բացարձակ կապ չունեն։
Նախկինում կոմիտեի բոլոր աշխատակիցները տարին մի քանի անգամ վերապատրաստում էին անցնում Եվրոպայում, և իսկ ներկայիս իշխանությունները հեռացրին հներին, նրանց պիտակավորեցին որպես կոռուպցիոներներ, փոխարենը նշանակեցին նոր կադրերի, որոնց չուղարկեցին վերապատրաստումների, որոնք էլ EASA-ի աուդիտն անցնելու ունակություն չունեին։
Դեռևս անցած տարվա նոյեմբերի սկզբին հեղինակավոր «Flight global» ամսագիրը, որը ավիացիոն խաղացողների համար տեղեկատվության հիմնական աղբյուր է, գրել էր, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն թռիչքային անվտանգության վերահսկողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունի, ինչից հետո ավիացիոն հանրության համար պարզ էր, որ հայկական կողմը EASA-ի աուդիտը չի անցնելու, չնայած նրան, որ 2019-ի նոյեմբերից ևս 5 ամիս ուներ պատշաճ պատրաստվելու և աուդիտն անցնելու համար։
– Եվրահանձնաժողովի նման որոշումն ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար։
– Սև ցուցակ ընկնելն ու դեպի Եվրոպա թռիչքներ չիրականացնելը կատաստրոֆիկ չէ, սակայն այն ազդում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի իմիջի վրա, հեղինակազրկում է այդ կառույցը։ Հունիսի 2-ի հրապարակումից հետո ամբողջ աշխարհում տեղյակ են, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցների մասնագիտական որակներն այնքան ցածր են, որ նրանք չեն կարողանում անվտանգության նկատմամբ վերահսկողության աուդիտն անցնել։ Եվրահանձնաժողովի այս որոշումը շառաչուն «ապտակ» է Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարությանը։
Վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ Ազգային ժողովում հայտարարեց, որ նման որոշում ստանալու դեպքում պարզապես կչեղարկվի Երևան-Լիոն չվերթը, որն իրականացվում է «Արմենիա» ավիաընկերության կողմից։ Իրականում սա սխալ և մոլորեցնող միտք է, քանի որ սա շատ մեծ հարցականի տակ է դնում Հայաստանում սերտիֆիկացված ավիափոխադրողներին օդանավ տրամադրելու հարցը։
Օդավանի շուկան ամբողջովին տարբերում է մնացած տրանսպորտային միջոցների վաճառքի ու լիզինգի շուկայից։ Ավիացիայի 70 %-ն անվտանգությունն է, իսկ ինքնաթիռն օդ բարձրացնելու իրավունքը պետք է ունենա միայն սերտիֆիկացված անձը, իսկ 70 % թռիչքային անվտանգությունն ապահովելը շատ մեծ խնդիր է, մնացած 30 %-ն էլ կոմերցիոն մասն է կազմում։ Հայաստանը պետք է ստեղծի ֆինանսապես ուժեղ և առողջ ավիաընկերություն, խոսքը տվյալ պարագայում ազգային ավիափոխադրողի մասին է, որը կդառնա դրոշակակիր ավիափոխադրող։ Սակայն այժմ դրա հավանակությունը շատ քիչ է, քանի որ սև ցուցակում հայտնվելու որոշման մասին տեղյակ են բոլոր առաջատար լիզինգատուները (անգլ՝ lessor, ռուս՝ лизингодатель)։ Օդանավ արտադրող ընկերությունները օդանավերն անմիջապես չեն վաճառում անհատին կամ ավիաընկերության, այլ վաճառելու իրավունք ունեն միայն լիզինգատուներին։ Լիզինգատուն էլ օդանավը հանձնում է շահագործման՝ լիզինգով կամ վաճառելով այն։ EASA-ի սև ցուցակում հայտնվելուց հետո Հայաստանին ոչ մի լիզինգատու չի տրամադրի օդանավ ո՛չ վաճառքով, ո՛չ լիզինգով՝ մինչև EASA-ի հաջորդ աուդիտը չկարողանա անցնել։
– Ինչպե՞ս պետք է Քաղավիացիայի կոմիտեն կարգավորի այս խնդիրը։
– Տաթևիկ Ռևազյանը պետք է փորձառու կադրերին վերադարձնի կոմիտե, իսկ նորանշանակ կադրերը պետք է վերապաստրաստում անցնեն, փորձ ձեռք բերեն, որպեսզի կարողանան EASA-ի աուդիտն անցնել։
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն պետք է դիմի EASA-ի աուդիտորներին, որպեսզի գան Հայաստան՝ նոր աուդիտ անցկացնելու։ Միաժամանակ նշեմ, որ 2020 թվականի ընթացքում EASA-ի աուդիտորների գրաֆիկն արդեն իսկ հագեցած է, և այս տարվա ընթացքում նրան չեն կարողանա գալ Հայաստան՝ նոր ստուգումներ իրականացնելու, իսկ մինչև հաջորդ տարի մենք բավականին երկար ժամանակ ունենք պատշաճ պատրաստվելու և աուդիտն անցնելու համար։
Վարդուհի Մկրտչյան