Ռև գյուղի ամենատարեց բնակչին՝ 90-ամյա (ինքն ասում է 91) Արտավազդ Արզումանյանին, հանդիպեցինք իր տան դռան մոտ տեղադրված նստարանին նստած: Բարի, անմիջական, կենսախինդ պապիկի հետ զրույցը հեշտությամբ է ստացվում:
Ծնվել է 1930թ., ինչպես մայրն է ասել, մի «թոխպ» (մշուշոտ) օր: Դպրոցում սովորել է երկու տարի, դրա համար էլ գրական հայերեն չի խոսում. «Թուրքերեն ավելի լյավ ում գիդում, քան թե երևաներեն» (ադրբեջաներեն ավելի լավ գիտեմ, քան գրական հայերեն), քանի որ ադրբեջանցիների հետ է շփվել երկար տարիներ: Երրորդ դասարանից քրոջ ու եղբոր հետ կոլտնեսությունում է աշխատել:
Մշտապես Ռևում է ապրել, միայն 3 տարի գերմանական Քյոնիգսբերգ քաղաքում զինվորական ծառայության էր: Բայց ասում է, որ Ռևից լավ տեղ չկա:
Արտավազդ պապիկն ամուսնացել է Սվետլանայի հետ, 4 որդի, մեկ դուստր են մեծացրել: Սվետլանայի հայրը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել գերմանացիների մոտ, այնտեղից էլ տեղափոխվել ԱՄՆ ու հետ չի վերադարձել: «Անբախտ երեխա էր, բայց դե ես լավ եմ պահել»,- ասում է պապին:
Երկուսն էլ ամբողջ կյանքն աշխատում էին, որ զավակները նեղություն չտեսնեն, լավ կրթություն ստանան: Նրանք են դաստիարակում նաև Արցախյան պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ստացած որդու՝ Յուրիի երկու դուստրերին: Սվետլանան ու Ալյոնան արդեն իրենք են խնամում պապիկին ու տատիկին: Ստեփանակերտում ուսանող ու միաժամանակ աշխատող Սվետլանան էլ գյուղ վերադառնալիս չի մոռանում գնել նրանց սիրած ուտեստները՝ քաղցրեղեն պապիկի և լոլիկ՝ տատիկի համար: Իր բնավորությունն էլ ավելի շատ նմանեցնում է պապիկին, նրանից ժառանգել է համառությունը, համարձակությունը:
Արտավազդ պապիկը պատմում է, որ 1990-ականների սկզբներին իրենց ու հարևանի կովերը թուրքերը գողացել են, ինքը գյուղացի մի կնոջից տեղեկանալով, թե որ ուղղությամբ են տարել, հասել է գողերին, վախեցրել ու հետ բերել գողոնը: «Առանց թիվանգի ում է իլյալ, պա վեր թիվանգ ինար հինչ կանեի» (Առանց զենքի էի, բա որ զենք լիներ ինչ կանեի),- հպարտությամբ պատմում է նա:
Մինչև հիմա Արտավազդ պապին զենքով լավ կրակում է, ակնոցներ չի օգտագործում, առողջական ոչ մի բողոք չունի, միայն տարիներ առաջ տրակտորի տակ ընկած ոտքն է ժամանակ առ ժամանակ ցավեցնում: Արտավազդ պապիկի որդի Գուրգենը «պարտադրել» է, որ հայրը 101 տարի ապրի, «ա դե էդքան ապրել կինի»,- զարմանում է պապիկը:
Այր ու կին թոշակն են վայելում, հեռուստացույց դիտում, բանջարանոց մշակում: Պապիկը շատ է սիրում հեռուստացույց դիտել, ասում է՝ «միացրեք, դեվուշկոցը թիմաշա անիմ (աղջիկներին նայեմ)»:
«Քանի թոռ ունեք», հարցին իսկույն չեն կարողանում պատասխանել, մինչև հիմա չեն հաշվել, իրար օգնելով հաշվում են 12-ը: «Որ գալիս են, այդ ժամանակ ենք իմանում»,- ասում են:
Պապն ու տատը հպարտ են թոռներով: «Բոլոր թոռներս լավն են, բոլորը գրագետ են: Մենք չենք կարդացել և ուրախ եմ, որ նրանք լավ կրթություն են ստացել»,- ասում է Սվետլանա տատիկը:
Նրանք գոհ են իրենց ապրած կյանքից, միակ մտածմունքը Սուրեն որդին է, ով 31 տարի ապրում է Ռուսաստանում ու դեռ ոչ մի անգամ չի եկել այցելության: Ճիշտ է, ինտերնետով խոսում են հետը, բայց շատ են ուզում անձամբ տեսնել: Այս ամառ էլ է խոստացել գալ:
Լուսանկարները և տեքստը Տաթևիկ Աղաջանյանի