Հունիսի վերջին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցնում է գործող իշխանությունների դեմ ուղղված տեսահոլովակների հրապարակումը։
Անցած մի քանի ամիսներին ներկայացվել է ընդհանուր առմամբ 11 նման տեսանյութ, որոնք ներքաղաքական պայքարի շրջանակներում նախկին էլիտայի մարտավարության և ռազմավարության, ինչպես նաև նրա քաղաքական մտածողության որոշ առանձնահատկությունների տեսանկյունից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:
Հենց սկզբից նկատելի էր, որ Մինասյանի «սերիալը» հստակորեն մի շարք քաղաքական և տեղեկատվական նպատակներ էր հետապնդում: Նախևառաջ փորձ արվեց գործող իշխանությունների դեմ կիրառել մի շարք տեղեկատվական հնարքներ, որոնք ընդդիմության կողմից ակտիվորեն օգտագործվում էին մինչև 2018 թվականի իշխանափոխությունը:
Նախկին դեսպանը փորձ արեց շրջանառության մեջ դնել մի շարք ձևակերպում-խորհրդանիշներ («մաքսանենգություն», «մաֆիա», «անորակ զենք» և այլն), որոնք կոչված էին լոյալ լրատվամիջոցների աջակցությամբ ստեղծել և պահպանել որոշակի բացասական ֆոն, որը կվարկաբեկեր գործող իշխանություններին: Այս դեպքում մեղադրանքների արժանահավատությունը դերակատարում չուներ. սկզբունքային խնդիրը հենց տեղեկատվական-քարոզչական էֆեկտի ստեղծումն էր:
Երկրորդ ուղղությունը չափազանց զգուշավոր փորձն էր՝ ներկայացնելու գործող իշխանությունների և նախկին էլիտայի ներկայացուցիչների ենթադրյալ շփումները մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Մինասյանի հետ կապված թեմայի զգուշավորությունը բարդանում էր նաև նրանով, որ հենց նա էր մինչև 2018 թվականի գարունը համարվում Հայաստանի մեդիա և ներքաղաքական դաշտի ոչ ֆորմալ կուրատորը, որի հետ այս կամ այն ձևով հարաբերվում էին բոլոր խաղացողները։
Միևնույն ժամանակ այս ասպեկտը չափազանց ցավոտ է ներկա իշխանությունների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կատարում էր Հայաստանի ներքաղաքական կառուցվածքի համակարգային ընդդիմության դերը։
«Սերիալի» երրորդ կարևոր ուղղությունը ուժային կառույցների նկատմամբ տարվող աշխատանքն էր: Սերիալի մի շարք տեսահոլովակներ միտված էին ցույց տալու ուժայինների (ԱԱԾ, ՊՆ, Պետեկամուտների կոմիտե) կողմից տեղեկատվության ենթադրյալ արտահոսքի առկայությունը, ինչպես նաև ընդգծելու իշխանությունների և ուժային կառույցների միջև առկա անհամաձայնությունն ու անվստահությունը։
Հրապարակումներում առկա բոլոր այս ուղղությունները ներքաղաքական պայքարի շրջանակներում «նախկինների» ռազմավարության խտացումն են: Այստեղ հիմնականը իշխանությունների վարկանիշի իջեցմանն ուղղված քարոզչական աշխատանքներն են՝ ներկայիս իշխանության և ուժայինների միջև ենթադրյալ հակասությունների շեշտադրմամբ։
Միևնույն ժամանակ Մինասյանի հրապարակումները լույս են սփռում հայաստանյան նախկին իշխող դասի մտածելակերպի վրա, որն ամբողջությամբ բնորոշ է գրեթե բոլոր հետխորհրդային էլիտաներին: Գլխավոր ասպեկտն այստեղ տեխնոլոգիական մտածողությունն է: Կազմակերպված զանգվածային շարժումների բացակայության պայմաններում ձևավորված քաղաքական գործիչների այս սերունդը որպես քաղաքական գործընթացի հիմնական մեխանիզմ դիտարկում է տարբեր մակարդակի և բարդության տեղեկատվական և քաղաքական տեխնոլոգիաները։
Այս առանձնահատկությունն ակնհայտորեն դրսևորվեց Մինասյանի տեսաուղերձների ժամանակ, երբ վերջինս իր տեսաելույթների մեծ մասը ծախսում էր ներկայիս իշխանությունների դեմ՝ կիրառելով անալոգիկ տեխնոլոգիաներ կամ էլ բացահայտելով ներկայիս էլիտային առնչվող տարբեր դրվագներ։
Միևնույն ժամանակ նախկին դիվանագետի ուշադրությունից ամբողջովին վրիպեցին այն համակարգային սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք հանգեցրին 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններին, մասնավորապես 2008-ի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը և դրան սերտորեն կապված դեգրադացիան, ինչպես նաև Հայաստանում միջին դասի հետագա արմատականացումը, ինչը մեծամասամբ արտահայտվեց 2010-ականներին լայն թափ առած զանգվածային շարժումների տեսքով։
Հայաստանում սոցիալ-քաղաքական գործընթացների իրական պատճառներից այս խզվածությունն էլ հիմնականում պայմանավորում է իշխանությունների դեմ քարոզչական արշավի ցածր արդյունավետությունը, որն իրականացվում է նախկինների կողմից՝ ներգրավելով զգալի ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ։ Մարդկանց իրական խնդիրների հետ կապի բացակայությունը հանգում է նրան, որ այս քարոզչամեքենայի գործունեությունն «ինքնանպատակ» է դառնում։
Սակայն երկարաժամկետ առումով այս դիմակայության հեռանկարները մշուշոտ ու ոչ միանշանակ են՝ հաշվի առնելով, որ նույն կերպ էլ գործող էլիտայի մոտ են բացակայում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման իրական դեղատոմսերը, ինչը հատկապես ցայտուն ձևով դրսևորվեց 2020 թվականի գարնանը սկսված ճգնաժամի պայմաններում։
Հայաստանում 2018 թ. գարնանը տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում սկսված զանգվածային շարժումների և քաղաքական աջակցության իրական մեխանիզմների մասին հենց այս դասը թերևս չուսումնասիրվեց ինչպես նախկին, այնպես էլ ներկա էլիտաների կողմից։ Միքայել Մինասյանի քաղաքական «սերիալը» դրա ևս մեկ ապացույցն էր։
Դավիթ Հարությունով