Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը նշել է, որ այս պահին որոշումը հնարավոր չէ, քանի որ Վճռաբեկ դատարանում և ՍԴ-ում քննվում են պաշտպանության բողոքները։
Քոչարյանի պաշտպաններն ավելի վաղ միջնորդել էին կարճել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան։
Այսօրվա դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, որոնք մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Սամվել Մայրապետյանին, որը կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ․
2008 թվականին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որը ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը։
Վերոնշյալ անձանց առաջարկվում է դատարան հրավիրել և հարցաքննել վկայի կարգավիճակով, որովհետև նրանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ գործի համար։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվել է․ հաջորդը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 13։00-ին։
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի գլխավոր ֆիգուրանտն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։