«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը պարզաբանել է խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկության՝ Սեբաստիա փողոցում Մարուքյանի վարորդ Հ. Զարոյանը հարձակվել է քաղաքացի Սամվել Հարությունյանի վրա, որից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել:
Ըստ ԼՀԿ խոսնակ Արեն Պետունցի՝ shamshyan.com-ը իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված:
«Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Նա դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին»,-հայտնել է Պետունցը՝ կից նկարներում ներկայացնելով Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները։ Սա, ըստ խոսնակի, վկայում է մյուս մեքենայի վարորդի` հարձակում գործելու մտադրության մասին:
«Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին»,-հայտնել է խոսնակը։
Ըստ Պետունցի՝ Զարոյանը, տեսնելով պտուտակահանը, դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին: