Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:
Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:
Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:
Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:
Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համարը»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։
Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։
Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանգրի օգնությանը դիմելու մեջ։
Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։