Ադրբեջանում հայտնված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ կապված նրա մասնակցությամբ տեսանյութերի հետ:
«Երկու տեսանյութերի հիման վրա զեկույցներ ենք պատրաստել։ Մեկն արդեն ուղարկվել է Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ, Եվրոպական օմբուդսմենների հաստատություն։ Այդ երկու տեսանյութերն էլ Գուրգեն Ալավերդյանի միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ են։
Առաջին տեսանյութի հետ կապված ակնհայտ է, որ ադրբեջանական զինվորականները ծաղրում են, ոտնահարում են նրա արժանապատվությունը՝ ընդ որում՝ էթնիկ պատկանելիության հիմքով նվաստացնող արտահայտություններ են անում։ Այդ տեսանյութն ամբողջությամբ ողողված է ատելությամբ»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թե ինչպիսին կլինեն Եվրոպական կառույցների արձագանքը այդ զեկույցների վերաբերյալ՝ Թաթոյանը դժվարացել է կանխատեսել․ ամեն կառույցի հետ անհատապես կաշխատեն։
Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապի դուրս գալու, համագործակցելու հնարավորությունը մոտ է զրոյին։ Թաթոյանը հիշում է, թե ինչ բառերով է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվում ողջունել Ադրբեջանի օմբուդսմենը։
«Ադրբեջանի նախկին հանձնակատարը տեսակցել էր Սաֆարովին և հայտարարել, որ նա պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի երիտասարդության համար։ Սա ասում է մարդ, ով մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու է։ Սա անգամ Եվրոպական դատարանն է արձանագրել՝ Գուրգեն Մարգարյանի վերաբերյալ վճռով։
Հայ սպային գերությունից ազատելու հարցը երկու կողմ ունի՝ քաղաքական և իրավական։ Երկրորդի վերաբերյալ Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակն անընդհատ կաշխատի, որպեսզի ազդեցություն ունենա որոշում կայացնող միջազգային կառույցների վրա։