ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում է` ամենաանցանկալի ընթացքն իրենց համար դպրոցների, բուհերի վերաբացումից հետո կլինի այն, որ նորից կարիք լինի անցնել հեռավար համակարգի, որովհետև բացի առողջապահական տեսանկյունից, համակարգն անընդհատ վերափոխելը դժվար կլինի: Այս մասին նախարարը նշել է «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ:
Ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է, որ նորից անցում կատարվի հեռավար համակարգի դասերի վերսկսումից որոշ ժամանակ անց, նախարարն արձագանքել է. – «Դա մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, որովհետև համակարգն անընդհատ վերափոխելը շատ դժվար է նախարարության համար, ու հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նման ընթացք չլինի, ու լիարժեք պատրաստվում ենք դպրոցների պատրաստմանը, դա կախված է յուրաքանչյուրիցս՝ որքանով հակահամաճարակային կանոնները պահպանենք»:
Նախարարը հայտնել է, որ այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել. – «Ցուցումներն ու կարգավորումները տրված են դեռ մայիս-հունիս ամիսներից, որ 6 տարեկանից բարձր քաղաքացիները պարտադիր կրում են դիմակ բաց ու փակ տարածքներում, առաջիկայում կունենանք քննարկում, ու փոփոխությունը նույնպես կապված է լինելու համաճարակային իրավիճակի հետ: Այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել` կապված այս ոլորտում ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի փոփոխությունների հետ»:
Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ի՞նչ կլինի եթե ծնողները հրաժարվեն երեխաների համար պարտադիր դիմակներից։ – «Մենք դպրոցներին լավագույնս աջակցելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի կանոնները ճշգրտորեն պահպանվեն, տեսչական մարմինները նույնպես դպրոցներին և ուսումնական հաստատություններին կաջակցեն։ Կաշխատենք այս ընթացքում, որ ծնողների հետ գանք համաձայնության այն առումով, որ կանոնները պետք է պահվեն, և երեխաները պետք է հաճախեն դպրոց, իսկ դպրոց չհաճախելու դեպքում կլինեն բացասական հետևանքներ` կրթության շարունակականության ընդհատում, ինչը հետագայում առաջադիմության խնդիրներ կառաջացնի»:
«Մարտ ամսից, երբ դպրոցները փակվել են, դպրոցները որոշակի տնտեսումներ են ունեցել, նաև պետությունը ջանք է գործադրում այս առումով` որոշ քանակի դիմակի տրամադրելու, օրինակ` երեխան դիմակը փչացրել է, կորցրել է, որոշ տոկոս մենք տրամադրելու ենք, ինչպես նաև ախտահանիչ նյութեր: Մենք հետագա շաբաթներին կսկսենք տրամադրել», – նշել է նախարարը` արձագանքելով այն դիտարկմանը, որ այս կանոններին հետևելը ֆինանսական բեռ է դպրոցների համար: «Այն չափով, որ չափով իրենք ունեն խնայողություններ (ֆինանսական), դրանք կուղղեն այս պարտադիր միջոցների ձեռնարկմանը, այն դեպքում, երբ չեն հերիքի, մենք աջակցություն կցուցաբերենք», – հավելել է նա:
Միաժամանակ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հեռավար կրթության համար նոր գործիքակազմ են մշակել, բայց շեշտել է ևս մեկ անգամ` չեն ցանկանա, որ այդ անցումը լինի: