Հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներն այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են որպեսզի մաքսազերծման կանոնները փոփոխության չենթարկվեն։
Armenia Today-ը տեղեկացել է, որ տնտեսվարողներից 4 հոգու հրավիրել են Ազգային ժողով։ Այս պահին նրանք ԱԺ-ում են, որտեղ կներկայացնեն իրենց պահանջները։
«Կառավարության շենքի դիմաց մեզ ոչ մի դրական պատասխան չեն տվել, մենք էլ եկել ենք ԱԺ-ի դիմաց՝ այստեղ ևս բարձրացնելու մեր ձայնը։ Մաքսազերծումը բարձրանում է 3-5 անգամ։ Մենք չենք կարող աշխատել նման պայմաններում և խնդրում ու պահանջում ենք թույլ տալ մեզ աշխատել։ Մենք չենք կարող վաճառել, իսկ գնորդը՝ գնել»,- Armenia Today-ի հետ զրույցում ասել է բողոքի ցույց իրականացնող տնտեսվարողներից մեկը և նշել, որ եթե իրենց պահանջը չբավարարեն, փակելու են տաղավարները և սահմանները բացվելուց հետո լքելու են Հայաստանը։
«Եթե իրենք ֆոկուսներ են արել՝ հեղափոխություն արել, մենք էլ ենք անելու՝ մեր նպտակին հասնելու համար»,- Armenia Today-ին ասել է մեկ այլ տնտեսվարող։
Նշենք, որ հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները նախորդ օրերին բողոքի ակցիաներ են նախաձեռնել կառավարության և պետական եկամուտների կոմիտեի դիմաց։