Հիմա իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտեն հոկտեմբերի 8-ին հրավիրված հանրահավաքը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց «Այսօր»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Նա վստահ է, եթե իշխանությունները գնան այդ ստոր քայլին և կալանավորեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ապա հանրահավաքն ավելի հուժկու է լինելու։
«Հանրահավաքն ունի կազմակերպչական թիմ, որտեղ բոլոր հարցերը քննարկում են, բայց այս որոշումներն այս պահին հրապարակման ենթակա չեն։ Եթե իշխանությունը կարծում է, որ ընդդիմությունն իր նման անկազմակերպ և ապիկար է, ապա չարաչար սխալվում է. հանրահավաքի կազմակերպչական հարցերը կատարվում էին շատ ավելի վաղ։ Այնպես որ, մի քանի օր առաջ էր մեզ համար պարզ հանրահավաքի օրը, իսկ իշխանությունն իր ոճի մեջ է։ Ոչ մեկը չի վախենում հանրահավաքից, այսօր արդեն սկսել են շրջանառվել, որ շատ մարդիկ կլինեն, կորոնավիրուսն են փորձում մեջ բերել, բայց պետք է չմոռանանք, որ այդ նույն իշխանությունը սահմանադրական փոփոխություններ էր իրականացնում, ընդհանրապես մոռացել էր կորոնավիրուսի մասին»,- նշեց նա։
Արսեն Բաբայանի կարծիքով՝ իշխանությունը երկրի համար ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել։
Հավելենք նաև, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։