Ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս համածառայակցին, հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին նույն զորամասի զինծառայող Գ.Ե.-ն ժամը 10:50-ի սահմաններում, գտնվելով մարտական դիրքի կացարանում՝ վերցրել է նշված զորամասի մեկ այլ զինծառայողին ամրակցված ԱԿՄՆ տեսակի ինքնաձիգը, դրա վրա ամրացրել փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ, լիցքավորել և փողն ուղղել ծառայակից Նարեկ Նազարյանի ուղղությամբ»,- տեղեկացնում է ՔԿ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ, Գ.Ե.-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, կրակոց է արձակել և Նազարյանին գլխի շրջանում պատճառել հրազենային գնդակային, միջանցիկ գանգուղեղային վնասվածք: Ստացած վնասվածքից վերջինս մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, և ժամը 13:15-ին, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, արձանագրվել էր նրա կենսաբանական մահը: